Ինչու հեռացվեց Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետը
Շիրակի և Արագածոտնի ՀՅԴ-ական արդեն նախկին մարզպետներ Հովսեփ Սիմոնյանն ու Գաբրիել Գյոզալյանն անցել են այլ աշխատանքի և ՀՅԴ-ն նրանց աշխատանքից դժգոհ չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը: «Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք կամ չպահենք: Հիմա ավելի երիտասարդ կադր կա։ Մյուս մարզպետներն էլ մնալու են, աշխատելու են, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանել են այդ խնդիրները»,- նշեց նա: ՀՅԴ-ի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին փոխարինել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանը, իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:
