Ավարտական վկայականի ռուսերենը արտագնա աշխատանքի համար է
ՀՀ բոլոր դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայական տրամադրում են հայերեն եւ ռուսերեն լեզուներով՝ հատուկ նպատակով: Նման պարզաբանում տվեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Իսկ թե ինչու է ռուսերենի առկայությունն անհրաժեշտ՝ նախարարը մեկնաբանում է. «Մենք գիտենք, որ երեխաների մի զգալի մաս ավարտելուց հետո գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սա արվում է, որ բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ատեստատի համար գումար վճարեն, ստանան ռուսերեն տարբերակը, միշտ է այդպես եղել»: նրա խոսքով՝ եթե անգլերենի կարիք լինի, իրենք կտրամադրեն նաև անգլերեն տարբերակը. «Բայց հիմա Ռուսաստան են շատ գնում: Մեր բնակչությանը նոր ծանրաբեռնվածության տակ չդնենք»:
