«Շարժում-88»-ը Արցախի նախագահի ընտրություններում կներկայացնի իր թեկնածուին.
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ «Շարժում-88» խմբակցությունը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը: Թերթի հետ զրույցում Էդուարդ Աղաբեկյանը նախ հիշեցրել է, որ Արցախում Ազգային ժողովում ուժերը դասավորված են հետևյալ կերպ` 33 պատգամավորից 29-ը իշխանական են, ապա հավելել. «Մենք հնչեցնելու ենք մեր կարծիքը, ներկայացնելու ենք մեր տեսակետները և մեր մտահոգությունները: Փորձելու ենք այդ ամենը տեղ հասցնել, որից հետո թող որոշեն պատգամավորները»: Նա նշել է, որ հայտնելու են այն տեսակետները, որոնք ասել են վերջին 10 տարիների ընթացքում: Նրա խոսքով` բոլոր ոլորտներում հանդես են գալու նոր առաջարկներով, իսկ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Էդուարդ Աղաբեկյանը հայտնել իր տեսակետը. «Պետք է բանակցությունների կողմ հանդիսանա Ստեփանակերտը, ոչ ոք իրավունք չունի խոսելու նրա անունից: Ստեփանակերտը պետք է իր դիրքորոշումը հայտնի` ինչպես որ եղել է նախկինում»:
