ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին կոչ է անում զգուշանալ
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոնություն և զգուշություն պահպանել: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ կոչը վերաբերվում է հատկապես հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, երբ լրանում է Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: «Տեղեկացնում ենք Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ հուլիսի 15-ին և դրան նախորդող օրերին, այդ երկրում կարող են տեղի ունենալ զանգվածային միջոցառումներ, ինչպիսիք են հասարակական վայրերում կազմակերպված ցույցերը և հանրահավաքները` կապված հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: ԱՄՆ դեսպանատունը զբոսաշրջության և ապրելու նպատակով Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգուշություն և խուսափել զանգվածային հավաքներին և միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է Անկարայի ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
