Սիսակ Գաբրիելյանը հանրությանը մոլորեցնող ստախոս է․ Լիլիթ Գալստյան (video)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մոլորեցնում է հանրությանը, և նա իրավունք չունի աշխատանքս գնահատելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Ես իմ խոսքում հստակ ասացի, որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի առնչությամբ բազմաթիվ առաջարկություններ եմ արել, որոնք ընդունվել են, սակայն իմ եւ մեր հիմնական մտահոգությունը վերաբերել է կառավարման նոր մոդելին, որը չի ընդունվել, մտահոգությունները չեն փարատվել: Դա մեր բարոյական, քաղաքական եւ արժեքային իրավունքն է ընդունել կամ չընդունել այս նախագիծը: Երկրորդ, նույն Սիսակ Գաբրիելյանը ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հենք չունի որոշելու, թե ես, որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում:
Եվ մի քիչ էլ մարդկային դաշտից, պարոն Գաբրիելյան, երբ մեր հանձնաժողովի արտահերթ նիստ գումարեցինք երկուշաբթի եւ ես դաս ունեի, ես ձեզ ասացի՝ գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն», - ասաց պատգամավորը:
