Մինսկի խմբի գործունեության արդյունքները տպավորիչ չեն. ԵՄ
«Մինսկի խմբի գործունեության արդյունքները, հնարավոր է, այնքան տպավորիչ չեն, որքան կցանկանային տեսնել ոմանք, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք կցանկանային տեսնել հակամարտության լուծումը։Մինսկի խմբի գոյությունը կանխում է լարվածության սրումը եւ դա արդեն իսկ ձեռքբերում է։ Չնայած, երբ մենք լարվածության սրում ենք տեսնում՝ վերջին իրադարձությունների օրինակով. դա արդեն բավական չէ»,-այս մասին հայտարարել է ԵՄ Արեւելյան գործընկերության վարչության պետ Դիրք Շուբելը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի քննարկման ընթացքում, որը կազմակերպել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։ ԵՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտութունը շատ վտանգավոր է ու խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացմանը։ Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի հանձնաժողովի անդամներն անհանգստություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերջին սրումների հետ կապված։ Նրանք ընդգծել են, որ կողմերը պետք է պայմանավորվեն հետաքննության մեխանիզմներ ներդնելու շուրջ, որն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ ենթատեքստում Եվրախորհրդարանի անդամ Պյատրաս Աշուտրյավիչյուսը նշել է, որ ինքը շատ անհանգստած է այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում։ Նա ընդգծել է, որ ցավում է ադրբեջանական կողմում զոհերի համար, սակայն դատապարտում է ադրբեջանական կողմին՝ «հայկական զորքերին հարվածներ հասցնելու պատճառով»։
