Գումար չի լվացվել. Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-հարավ»-ի մասին
Մինչև 2017թ-ի հուլիսի վերջ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին մոտ 4 կմ հատվածում բետոնապատման աշխատանքները կավարտվեն: Լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ ճանապարհի Երևան-Գյումրի հատվածն արդեն 2019 թվականի ամռանը ավարտված կլինի։ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշխատանքները շարունակվում են։ Երեկ ես այցելել էի այնտեղ և երկու տարածքներում էլ եղել եմ, որտեղ աշխատում են չինական և իսպանական ընկերությունները։ Գարնան ընթացքում խնդիրներ կային, այժմ ամեն ինչ կարգավորվել է։ Իսպանական հատվածում ճանապարհի կողմից չի երևում, բայց բավականին շատ բետոնապատման աշխատանքներ են արվել։ Մինչև ամսվա վերջ մոտ 4 կմ բետոնապատ ճանապարհ կունենանք։ Օրեկան միջինում 300 մ բետոնապատման աշխատանքներ են արվում, զուգահեռ պատրաստում են հիմքերն, ակտիվ աշխատում են ամբողջ տարածքով»,- ընդգծեց նախարարը։ Թալին-Գյումրի հատվածին աշխատում է չինական մի ընկերություն և համեմատելով նախորդ տարեվերջի հետ՝ Մարտիրոսյանն ասաց, որ շինարարական աշխատանքներն այժմ բավականին ակտիվացել են։ Վահան Մարտիրոսյանը չի կարող ասել, թե որքան գումար է հարկավոր «Հյուսիս-Հարավ» մայրուղին ամբողջությամբ կառուցելու համար: «Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, եւ մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հայտարարել»,-այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նախարարը: Այդ ծրագրի իրականացման ընթացքում փողերի փոշիացման եւ լվացմանը վերաբերող հարցին էլ արձագանքեց. «Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել։ Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, եւ ես այդպիսի բան չեմ տեսնում»։
