Գեւորգ Սաֆարյանը պատժախուց է տեղափոխվել փոխգնդապետ Ղազարյանի զեկուցագրի պատճառով.Եգորյան
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին պատժախուց են տարել Ուղկեցող գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագրի հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. Գ Ո Վ Ա Զ Դ X «01.07.2017թ. Գեւորգ Սաֆարյանին տեղափոխում են պատժախուց, ինչի մասին տեղեկություններ ստանալուց հետո նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Տիգրան Հայրապետյանը տարբեր օրերի տեսակցել են նրան: Գեւորգի նկատմամբ «Նուբարաշեն » քրեակատարողական հիմնարկում, որեւէ ուժի կիրառում կամ հոգեբանական կամ այլ ճնշում չի կիրառվել, բացի պատժախուց տեղափոխելուց: Պատճառը եղել է տխրահռչակ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագիրն այն մասին, թե իբր Գեւորգը դատարանում հայհոյել է ոստիկաններին եւ իշխանությանը (ըստ Գեւորգի փոխանցման): Գեւորգին պատժախուց են տեղափոխել 10 օրով: Նա ողջույններ էր փոխանցում եւ հայտնում, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Գեւորգի հետ տեսակցության ընթացքում արձանագրվել է իր հայտարարությունը մանրամասն նկարագրությամբ տեղի ունեցածի մասին, ինչի կապակցությամբ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, իսկ այժմ կատարվում են աշխատանքներ նրա իրավունքների խախտման կապակցությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
