Ինչո՞ւ է կասեցվել «Զիբիլիկսի» գործով ծառայողական քննությունը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է: Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում նույն դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ: Նշենք, որ խոսքը հայտնի «Զիբիլիկսի» գործի մասին է: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր ուղարկել հայտնի «Զիբիլիկսի» գործով նյութերը: Խոսքը ՀՀԿ ցուցակով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից դուրս բերված և աղբամանը նետված, ապա և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կողմից հայտնաբերված սկանդալային թղթերի մասին է: Փաշինյանի խոսքով՝ ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են և գրված է, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին: Հենց այս՝ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ չկան»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
