Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ բախվել են Toyota մակնիշի 40 АА 222 համարանիշի և Nissan մակնիշի 35 FԼ 624 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել 1-03 Շտապօգնության, Երևանի Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ- փրկարարական ջոկատները: Ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում են բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, հետո տեղափոխել հիվանդանոցներ: Վթարի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հայտնված ինչ-որ երիտասարդներ փորձում էին Toyota-ի համարանիշները թռցնեին, սակայն ՃՈ աշխատակիցները նրանց մուրազը չթողեցին կատարվի:
