Ծեծկռտուք Գյումրիում. ոստիկանն ազատվել է աշխատանքից
Գյումրիում երեկ հերթական աղմկոտ միջադեպն է գրանցվել: Մասնավորապես, քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում Շիրակի մարզի ոստիկանների եւ Գյումրիում հայտնի Ֆայտոնչի Գրիշի թոռան միջեւ վիճաբանություն է սկսվել: Տեղեկությունների համաձայն` ոստիկանները ցանկություն են հայտնել ֆայտոն նստել:Համազգեստավորներից մեկը, տեղեկությունների համաձայն, եղել է ոչ սթափ վիճակում եւ իրեն վատ է պահել, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը: Ծեծկռտուքին միջամտել է երրորդ անձ, ով փորձել է հարթել իրավիճակը: Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով` միջադեպից հետո Ֆայտոնչի Գրիշի թոռը հրավիրվել է ոստիկանություն, սակայն հայտնել է, թե բողոք չունի, սակայն երրորդ անձը բողոքել է, որ իրեն ծեծել են: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Araratnews.am-ին փոխանցեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության ծառայողն ազատվել է պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում։ Ոստիկանապետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։ Նկատենք, որ վերջին շրջանում Գյումրիում հաճախակի են դարձել վիճաբանությունները, որոնք ուղեկցվում են կրակոցներով եւ դանակահարությամբ:
