Ինչ-որ նպատակով է Ադրբեջանն այդքան զենք գնել
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանն ունի յուրահատուկ վարքագիծ. նա իր ֆինանսական բոլոր միջոցները ներդնում է, որ ռազմական միջոցով փորձի լուծել արցախյան հիմնախնդիրը, և ուզում է, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա: «Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ պատերազմի մեջ ենք, այդ բոլոր գործողությունները խաղաղ ժամանակ տեղի չեն ունենում: Մեկի ընկալումը պատերազմի մասին միայն առաջնագծից կրակոցների ձայն լսելն է կամ արկերի թռիչքը պատկերացնելն է, մյուսի համար տնտեսական պատերազմն էլ է նույն ձևի պատերազմ: Եթե Ադրբեջանն այդքան զենք է գնել, ուրեմն ինչ-որ նպատակով է գնել, դժվար գնած լիներ, որ վերավաճառեր կամ արևի տակ ուղղակի դներ ու գեղեցիկ նայեր»,- նշեց բանախոսը: Թևան Պողոսյանի կարծիքով՝ հայկական կողմը նախահարձակ լինելու մարտավարությամբ դեռևս հանդես չի եկել, և մինչև հիմա Ադրբեջանն է նախահարձակ եղել:
