Ադրբեջանի զինվորների 18-19 տարեկանները կռվել չգիտեն. Արշակ Զաքարյան
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կարող է փոխվել վայրկյանների ընթացքում: Լարվածություն, իհարկե կա, հատկապես նրանից հետո, երբ Ադրբեջանն իր ներքի լսարանի համար ձևականություններ անում է զոհված երեխայի ու կնոջ հետ կապված: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբրև ինչ–որ բան անում են, խոցելի տեղեր են ման գալիս, փորձում են գտնել ինչ-որ հնարք, որ մեզ վնաս պատճառեն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նոր է վերադարձել Ղարաբաղից: «Եթե Ադրբեջանի զինուժը նախկինում գիշերներն էր նման ոտնձգություններ թույլ տալիս, հիմա սկսել է հրետակոծել ցերեկվա ժամերին: Հիմա, հավանաբար, որ տեխնիկապես լավ զարգացրել ենք առաջնագիծը, հասկանալով, որ գիշերը վտանգավոր է դարձել իրենց համար, խոցելի են, ցերեկներն են սկսել հրետակոծել»,- նշեց Արշակ Զաքարյանը և հավելեց,թե վստահ չէ, որ ադրբեջանցի երեխայի ու կնոջ մահը կապ ունի հայկական Զինված ուժերի պատասխան գործողության հետ: Արշակ Զաքարյանի խոսքով՝ քանի դեռ միջազգային ատյաններն անհասցե հայտարարություններ են անում, քանի դեռ Ադրբեջանը մերժում է հետաքննությունների մեխանիզմը, որով հնարավոր կլինի իմանալ, թե ով է նախահարձակ եղել, իրավիճակը չի փոխվի: «Հայաստանը վաղուց համաձայնել է այդ մեխանիզմների տեղադրման հետ, իսկ Ադրբեջանը մերժում է: Միջազգային հանրությունը պետք է հարց տա՝ ինչո՞ւ եք մերժում, եթե իրոք հայերն են խախտում, ինչո՞ւ եք խուսափում, որ դրանք տեղադրվեն»,- մասնավորեցրեց Արշակ Զաքարյանը: Կինոռեժիսորն ասաց, որ հայկական կողմը տեղադրել է նման տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են բոլոր խախտումները: «Շատ ուրախ եմ, որ հայկական Զինուժը ընտրել է մի քաղաքականություն, որ եթե մի տեղից կրակում են, ուրեմն պետք է այդ տեղը ոչնչացնել: Այս քաղաքականությունը պետք է շարունակել»,- ընդգծեց Զաքարյանը: Խոսելով Ադրբեջանում ավարտված զորավարժությունների մասին՝ Արշակ Զաքարյանը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը կորցրեց իր «էլիտար զորախումբը» և ներկայումս չունեն պատերազմելու ունակ զորքեր: Հիմա նրանց հարկավոր են նոր զորքեր, որոնք ունակ կլինեն այդ տեխնիկան, որը Ալիևը գնում է, օգտագործեն: Նրանց բանակը մարտունակ չի, նրանց 18-19 տարեկանները կռվել չգիտեն, «մսացու» են, հենց այնպես այնտեղ բերված են՝ որևէ պատրաստակամություն չունեն: Որպեսզի այդ տեխնիկան, տանկերը օգտագործեն, զորավարժություններ են անում,ասաց նա:
