Հրաչյա Հարությունյանը տեղափոխվում է Հայաստան. նոր մանրամասներ
Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հարությունյանի ազգականը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: «Մեր արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Տամբովից տեղափոխել են Մոսկվա և կիրակի օրն էլ օդանավով կտեղափոխվի Երևան», - ասաց Մարտիրոսյանը: Նա փոխանցեց, որ նախարարությունից հետաքրքրվել է նաև, թե որ քրեակատարողական հիմնարկում է Հարությունյանը կրելու իր պատիժը, սակայն հստակ որևէ լուր չեն հայտնել իրենց: «Ասել են, որ օդանավակայանից միանգամից տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ», - ասաց Մարտիրոսյանը: Հարությունյանի տեղափոխման ժամի մասին որևէ տեղեկություն հարազատներին հայտնի չէ: Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
