Վարդենիսի աշխատակազմի ղեկավարին զուգարանո՞ւմ եք փակում․խելքի աշեցեք․ Կյուրեղյան (video)
Ազգային ժողովի դեկտեմբերի 24-ի նիստում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․
Սիրելի՛ հայրենակիցներ, քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը:
Մարդու իրավունքներ, որոնց պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություն է: /ՀՀ Սահմանդրություն, հոդված 3.2․/
Տ-ն Գրիգորյան, հարց ու պատասխանի ժամանակ ես ընթերցեցի Սահանադրության 48-րդ հոդվածի 4-րդ կետը – Ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատպարտված և պատիժը կրող անձինք: Եվ ձեզ ուղղեցի 2 հարց․
- Ընդունում եք արդյոք, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից:
Այս հարցն ունի երկու հնարավոր պատասխան ՝ այո, ընդունում եմ, կամ ոչ, չեմ ընդունում։
Եվ երկրորդ հարցը՝
- Հանրային իշխանությունները պարտավոր են արդյոք պաշտպանել մարդու սահմանադրական իրավունքը և ապահովել դրանց իրացումը։
Այս հարցը նույնպես ունի երկու հնարավոր պատասխան ՝ այո, պարտավոր են, կամ ոչ, պարտավոր չեն։
Իսկ Դուք գրեթե կրկնեցիք արդարադատության նախարարի պատասխանը, դուք պատասխանեցիք որպես փոխնախարար, ոչ թե որպես ՄԻՊ թեկնածու։ Դուք տվեցիք ոչ ճիշտ, խուսափողական պատասխան ոչ թե նրա համար, որ պատասխանը չգիտեիք, այլ նրա համար, որ չունեցաք համարձակություն ճիշտ պատասխան տալու։
Ես կփորձեմ մարդու իրավունքներին վերաբերվող հարցերին անդրադառնալ դեկտեմբերին մեր երկրում կայացած ՏԻՄ ընտրություներին հաջորդող գործընթացների համատեքստում: Եվ քանի որ պրակտիկան արդեն ցույց է տվել, որ ի արձագանք իմ ելույթների մի քիչ ուշ կամ մի քիչ ավելի ուշ սովորաբար հնչում են ձևով կլոր, բովանդակությամբ մեղմ ասած հարթ ելույթներ, նախապես նշեմ, որ ներկայացնելու եմ միայն փաստական տվյալներ և մեջբերումներ օրենսդրությունից։
Եվ այսպես․ 2021թ. Դեկտեմբերի 5-ին 36 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություների արդյունքում իշխող ուժը՝ ՔՊ-ն, ստացավ մասնակիցների ձայների 47.36%-ը, կեսից պակաս և 36 համայնքներից 22-ում չունեցավ համայնքի ղեկավար միայնակ ընտրելու հնարավորություն: դեռ ավելին, 12-ում քպ-ն ոչ միայն 50%---ից ավել քվե չի ստացել, այլ ամենաշատ ձայն չի ստացել, որոշ համայնքներում էլ՝ Փարաքար, Վանաձոր, Ապարան, Նոր Հաճըն, Նաիրի, հավաքել է 24-30% ձայն:
Խոսեմ նախ Վարդենիսի մասին:
Ընդդիմադիր ուժերի միավորումը ստացավ 14 ձայն, ձեր ուժը՝ 13 և հետևաբար իրենք են ընտրելու համայնքի ղեկավար: Հարգելի ՔՊ-ականներ, կխնդրեի որպես աքսիոմատիկ ճշմարտություն ընդունել այն փաստը, որ 14>13, որքան էլ դա ձեզ դուր չգա:
Ձեր ներկայացուցիչը հայտարարում է, որ ինքն է որոշելու, թե համայնքի ընտրված ղեկավար Ահարոն Խաչատրյանը կմտնի համայնքապետարան, թե ոչ: Աշխատակազմի ղեկավարին փակում են զուգարանում, որ արձանագրություն չստորագրի: Համայնքապետարանի կնիքն ու աշխատասենյակի բանալին են պահում։
Խելքի աշեցեք:
Եվ դա այն դեպքում, երբ ինքն ընդամենը փոքրամասնություն է ներկայացնում Վարդենիսում, ունի ընդամենր իր 1 մանդատը: Պատկերացնում եք, թե այդ անձնավորությունը ինչեր կարող էր իրեն թույլ տալ, երբ համայնքի ղեկավար էր:
Տիկին Գրիգորյան, դուք չեք գտնում արդյոք, որ այս պարագայում խախտվել են վարդենիսցիների իրավունքները, իրենց ընտրած համայնքի ղեկավարի իրավունքները։ Վարդենիսցին գիտի, հասկանում է, որ 14>13 և ավագանու կազմում իր ընտրած ներկայացուցիչներով որոշել է, որ իր համայնքի ղեկավարը Ահարոն Խաչատրյանն է։ Վարդենիսցին այդ իրավունքն ունի, հասկանում եք, դա վարդենիսցիների իրավունքն է, և ոչ մի ՔՊ-ական իրավունք չունի այն խախտել, ինչքան էլ դա ոմանց դուր չգա։
