Բարիշելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ Հայաստանը կախում չի ունենա Ռուսաստանից. Արևմտյան պարբերականների սպասումները

Միջազգային պարբերականներն ու վերլուծական կենտրոններն անդրադառնում են հայ-թուրքական բանակցային նոր գործընթացին, նրանք փորձում են կանխատեսել, թե ինչ ապագա կունենա մոսկովյան հանդիպմամբ մեկնարկած հայ-թուրքական բանակցային նոր գործընթացը:

Միջազգային ճգնաժամային խումբը օրերս հրապարակած ծավալուն հոդվածում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական ու տնտեսական օգուտների մասին, անդրադարձել նաև ռիսկերին:

«Հայաստանն ու Թուրքիան տնտեսական լուրջ դրդապատճառներ ունեն երկկողմ առևտուր սկսելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար։ Բաց սահմանները թույլ կտան, որ թուրքական ապրանքները՝ օրինակ շինանյութը, մրցի ավելի թանկ ռուսական արտադրանքի հետ: Մյուս կողմից, հայկական արտադրանքն ու գյումթերքը կմտնեն թուրքական շուկա: Փոխադարձ առևտրից կշահեն Թուրքիայի արևելյան շրջանները: Հայաստանն էլ ելք կունենա դեպի սևծովյան նավահանգիստներ՝ ստանալով ավելի կարճ առևտրային երթուղի», - ըստ «Ազատության», փաստում է Միջազգային ճգնաժամային խումբը:

Բացի այդ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների և առևտրային կապերի ընդլայնման շնորհիվ, ինչից կշահի թուրքական տնտեսությունը, որը խոշորագույնն է այս տարածաշրջանում: Հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետին՝ հոդվածի հեղինակները գրում են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան հույս ունի նվազագույնի հասցնել լարվածության հավանականությունը Կովկասում: Այսպիսով, Անկարան Երևանի հետ լավ հարաբերությունների հաստատումը ոչ թե ինքնանպատակ է համարում, այլ տարածաշրջանի վերափոխման լայնամասշտաբ ծրագրի մի մաս, որտեղ գերիշխող դիրք ունի։

Միջազգային ճգնաժամային խումբը կարևորում է Ադրբեջանի դրական դիրքորոշումը այս գործընթացում, որը կտրականապես փոխվեց պատերազմում հաղթանակից հետո: Հոդվածում մեջբերվում է ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նույնիսկ օգնել հարթելու հայ-ադրբեջանական հետպատերազմյան հակասությունները՝ ցույց տալով փոխշահավետ համագործակցության առավելությունը ռազմական կուրսի համեմատ:
Հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը սատարում են Մոսկվայում, Վաշինգտոնում ու եվրոպական մայրաքաղաքներում, քանի որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի ընդլայնումը կայունություն կբերի տարածաշրջանին:

Անդրադառնալով հայ-թուրքական նոր երկխոսությանը՝ հոդվածի հեղինակները նկատում են. կողմերն ու նրանց արտաքին գործընկերները պետք է գիտակցեն, որ ինչքան երկար ընթանա գործընթացը առանց դրական տեղաշարժի, այնքան մեծ է ձախողման հավանականությունը: Դրական ազդակները գնալով կարող են մարել կամ յուրացվել արտաքին դերակատարների կողմից:

Անցած շաբաթ Մոսկվայում կայացած Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպման օրակարգի մասին էլ Ճգնաժամային խումբը գրում է, թե կողմերն պետք է ճանապարհային քարտեզ մշակեն հետագա երկխոսության համար: Խմբի փորձագետների համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձը դրական արդյունքի հասնելու թերևս ամենաիրական հնարավորությունն է, և հույս կա, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն ու կբացվեն տասնամյակներով փակ սահմանները: Բաց սահմանների առավելությունների մասին է գրում նաև Ամերիկյան The National Interest հանդեսը: «Ազատության» փոխանցմամբ՝ հոդվածում ասվում է. «Միայն կարգավորելով հարաբերությունները հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հայաստանը այլևս կախում չի ունենա Ռուսաստանից և կօգտագործվի տարածաշրջանի տնտեսական ներուժը: Եթե դա իրականություն դառնա, Հայաստանը կարող է դառնալ Արևելյան Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ամենաարագ երթուղին: Համագործակցությունը Հարավային Կովկասում կնպաստի բարգավաճմանը և տարածաշրջանը ոտքի կկանգնի»:

Հիշեցնենք, ուրբաթ օրը Մոսկվայում մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հեռահար նպատակն է բացել շուրջ 30 տարի փակ մնացած սահմանը, համենայնդեպս բանակցություններից առաջ այս մասին էր հայտարարել պաշտոնական Երևանը: Շուրջ մեկ ու կես ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել՝ դրական և կառուցողական որակելով բանագնացների առաջին հանդիպումը: Հատուկ ներկայացուցիչները իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ և համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:

Միջազգային հանրությունը դրական է արձագանքում Մոսկվայում տեղի ունեցած հայ-թուրքական նոր երկխոսությանը: Մասնավորապես, հանդիպումներից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել և նշել, թե ԵՄ-ն քաջալերում է Հայաստանին և Թուրքիային շարունակել ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը, –ըստ Armlur.am-ի, նշել է խոսնակը և հավելել. Եվրամիությունը խրախուսում է Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»: Նրա կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի այդ երկու երկրների հետ Եվրամիության հարաբերություններում։ «2014-ից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին», նշել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։

Բացի ԵՄ-ից, ՆԱՏՕ-ն էլ է ողջունել Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը Թվիթերում գրել է. «ՆԱՏՕ-ն սատարում է հարաբերությունների կարգավորումը, ինչը կարող է օգնել տարածաշրջանում կայունության հաստատմանը, և մենք քաջալերում ենք Անկարային ու Երևանին շարունակել ջանքերը այս ուղղությամբ»:

«Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը, BBC-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական բանակցային նոր գործընթացի հեռանկարի մասին, նշել է, որ, ի տարբերություն կարգավորման նախորդ փորձերի, այս անգամ Թուրքիան ունի դաշնակից Ադրբեջանի համաձայնությունը: Նրա խոսքով՝սահմանների բացումից ավելի շատ կշահի հայկական տնտեսությունը, քանի որ Հայաստանը ելք կունենա դեպի Սև ծով ու Եվրոպա: Թուրքական շուկան այդ ազդեցությունը շատ չի զգա, բայց Թուրքիան էլ կստանա ուղիղ կապ Ադրբեջանի հետ: Կա նաև Ռուսաստանի շահերի գործոնը՝ սահմանների բացմամբ Ռուսաստանն ու Թուրքիան էլ սովետական շրջանից հետո առաջին անգամ ինչ-որ իմաստով ուղիղ կապ կունենան:

Թուրքական մամուլը ևս դրական է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Մասնավորապես, իշխանամետ «Յենիշաֆաք», «Սաբահ», «Միլիյեթ», «Յենիչաղ» պարբերականների գլխագրերը արձանագրում են՝ 13 տարի անց սա Անկարայի ու Երևանի առաջին հանդիպումն է: Թուրքական պարբերականներն ընդգծում են՝ կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների երկխոսել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1152 անգամ
Լրահոս
Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ Զոհված զինծառայողի քույրը՝ անչափահաս երեխաների մայրը տանն է․ նրան նորից կհարցաքննեն․ Մանուկյան Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժխնդիր լինել» Լարիջանիի մահվան պատասխանատուներից Եվրախ​որհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ. Սասունյան Իրանը հաստատեց՝ ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ» Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ» Ցեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ» «Խոստանում եմ». Ինչ է ասել Փաշինյանը՝ ՔՊ նիստում. «Իրավունք» ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի մեքենայի պետհամարանիշներն իր անուն-ազգանվան հապավումով են. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ» Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասը. «Ժողովուրդ» Արցախցի զոհված զինծառայողի քրոջը 5 երեխաների ներկայությամբ ձերբակալել են «Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչի համար» Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է աղետի մեջ. Էրդողան Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ Սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում Ինչո՞ւ ձերբակալվեց արմավիրցի 41-ամյա տղամարդը Այսօր մարդկանց հույսն ու սպասումները տեսնում եմ Սամվել Կարապետյանի ծրագրերում․ Ասլանյան Խստորեն դատապարտում եմ Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի հրամանատարի մահը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Կրասնոդարը ջախջախեց 9 հոգով մնացած ԲԿՄԱ-ին և դուրս եկավ Ռուսաստանի Գավաթի ՌՊԼ ուղու եզրափակիչ Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am