Ինչ սպասել մարտի 1-ի բացահայտումից. մանրամասնում է նախկին դատախազը
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, նշեց, որ մինչև իր պաշտոնավարելը այն մեկ ամբողջական գործ էր, իսկ այժմ 10-ը մասի է բաժանվել ավելի արդյունավետ քննություն ապահովելուջ համար:«Մինչև իմ պաշտոնավարումը այդ գործերը ամբողջական մեկ քրգործի շրջանակում էին քննվում, իսկ դա, որպես կանոն, առաջացնում է քննության անարդյունավետություն: Հետո իմ հանձնարարությամբ, որպեսզի յուրաքանչյուր մահվան կապակցությամբ ավելի արդյունավետ քննություն իրականացնենք, գործը 10 մասերի առանձնացրեցինք՝ յուրաքանչյուրն առանձին գործով», - ասաց նախկին դատախազը: Ինչպես նշեց՝ մարտի 1-ի գործը արհեստական չի ձգձգվում. «Այն հանգամանքը, որ այդ քրգործերը չեն կասեցվում, նշանակում է՝ այդ քրեական գործերով բազմաթիվ անելիքներ կան: Եթե քրեական գործով մեղադրյալ չի կարողացել հայտնաբերվել, բայց գործը կարճելու հիքմեր էլ չկան, գործը կասեցվում է: Քննիչն իր պատկերացմամբ բոլոր քննչական գործողությունները կատարում է, բայց արդյունքի չի հասնում, հետևաբար գործը կասեցվում է»:
