Ո՞նց կլինի զուգահեռ հերոս լինի. Հայաստանում միակ հերոսը Սերժ Սարգսյանը պետք է լինի. Նիկոլ Փաշինյանը՝ Հաց բերողի մասին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց Հաց բերող Արթուր Սարգսյանի հետ կապված` հայտարարելով, որ ինքն ու պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և հայտարարել, որ Հաց բերողը մահանալու է: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հաց բերողը կալանքից ազատվել էր միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ըստ որի՝ Արթուր Սարգսյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, իսկ եթե նրան նորից կալանավորեցին՝ «ուրեմն միջգերատեսչական հանձնաժողովը խաբել է, նրանց դեմ քրեական գործ հարուցե՞լ եք: Իհարկե՝ ոչ»: «Պարզ է, որ դա հաշվեհարդար էր, որովհետև այս մարդը դուրս էր եկել և որոշակի սիմվոլիկ դերակատարում էր ստանձնել, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել: Ո՞նց կլինի զուգահեռ հերոս լինի, Հայաստանի Հանրապետությունում հերոս պետք է լինի միայն Սերժ Սարգսյանը, նրա հերոսությանը որևէ բանով չպետք է ստվերել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
