Մարտի 1, «Սասնա ծռեր», «Հաց բերող», Անդրիաս Ղուկասյան. 4 «քուանշ» Արթուր Դավթյանին՝ Նիկոլ Փաշինյանից
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 10-ին, «քուանշ» հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Քուանշը տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղում՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու: Մարտի 1-ի մասին քուանշ պարոն գլխավոր դատախազին: Ասում եք՝ կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանց կատարած անձանց մեղադրանքները հիմնավորելու համար ապացույցներ ձեռք բերելու համար: Ուզում եք ասել, որ որեւէ գործողությո՞ւն եք կատարում: Ցույց տվեք քննչական գործողության մասին մի ապացույց, այդ հերթապահ նախադասությունն արտասանող արդեն երրորդ գլխավոր դատախազն եք: Բոլոր զոհերը՝ բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի եւ ոստիկան Համլետ Թադեւոսյանի, քրեական գործում բնորոշված են որպես զանգվածային անկարգությունների մասնակցիներ: 3 ցուցարար սպանվել է չերյոմուխա զենքից, այդ զենքն օգտագործել է ընդամենը 5 ոստիկան, նրանց անունները մամուլում էլ են հրապարակվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի երկրորդը քուանշը «Սասնա ծռերի» դեպքերի վերաբերյալ էր: Նա նշեց, որ սասնա ծռերի անդամների 90 տոկոսի հարազատների հետ մեկ տարի տեսակցություն չի թույլատրվել: Երրորդը վերաբերում էր Անդրիաս Ղուկասյանի կալանքը փոխելու համար միջնորդությանը: «Գլխավոր դատախազն ասում է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները Անդրիաս Ղուկասյանին մեղսագրվող արարքներն ու դրանց հանգամանքներն այնպիսին են, որ անձնական երաշխավարությունը մեզ հնարավորություն չի տալիս հավատալու նրան և որ նրա խափանման միջոցը կալաքնի տակ պահելը դրանով է պայմանավորված եղել: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ», - ասաց նա: Փաշինյանի վերջին քուանշը հաց բերողի հետ էր կապված, ով ազատվեց կալանքից, ապա կրկին կալանավորվեց: «Ահազանգ եղել էր, որ մարդը մահանալու է: Այդ իրավիճակն հասկանալու համար պետք չէր ոչ փորձագետ լինել, ոչ՝ բժիշկ: Իսկ գլխավոր դատախազն ասում է, թե դատախազության կամ քննչական մարմինների գործողությունները չէ, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ», - ասաց նա:
