Գյումրիի փոխհրաձգության գործով կալանավորվել է «Չախալը». 1 անձ էլ հետախուզման մեջ է
Գյումրիում հունիսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկու անձի, նրանցից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հունիսի 25-ին ժամը 22:50-ին Գյումրիի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ, այնուհետև՝ ժամը 23:15-ին, ահազանգ է ստացվել բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հակոբյանը: Պարզվել է, որ Հակոբյանին մարմնական վնասվածք է հասցրել Գյումրիի բնակիչ Արտյոմ Ղազարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի հատկանիշներով, հայտարարվել է հետախուզում: Սպանության փորձին օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է նաեւ «Չախալ» մականունով Կարեն Սարգսյանը: Նախաքննությունը շարունակվում է:
