Առաջին հանդիպում,հակասական կարծիքներ
Ինչպես գրում է inopressa.ru-ն՝ The Financial Times-ի հոդվածում անդրադարձ է կատարվել հուլիսի 7-ին գերմանական Համբուրգ քաղաքում կայացած Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկար սպասված հանդիպմանը: G20 գագաթնաժողովի շրջանակում իրենց առաջին հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Պուտինի վրա՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետ կապված։ Թերթը նշում է, որ երկու առաջնորդներն էլ ձգտել են հարթել ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները։ Լրագրողներ Դեմետրի Սևաստոպուլոն ու Գայ Չայզանը գրել է,որ տարբեր մեկնաբանություններ են հնչել՝ ինչ է կատարվել երկար սպասված ու երկար տևած հանդիպման ժամանակ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Թրամփն «ընդունել» է ռուս առաջնորդի վստահեցումները, որ Մոսկվան չի միջամտել ընտրություններին։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ հայտնել է, որ առաջնորդների միջև «այդ հարցի շուրջ տեղի է ունեցել շատ լավ ու շարունակական կարծիքների փոխանակում»՝ հավելելով, որ Թրամփը «ճնշում է գործադրել Պուտինի վրա այդ հարցով»։ Հանդիպմանը, որը պետք է տևեր մոտ կես ժամ, բայց տևեց ավելի քան երկու ժամ, քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում ճգնաժամը, Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի հարցը, պաշտոնատար անձինք նաև ընդգծել են ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնումը բոլոր ուղղություններով։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ առաջնորդները պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն նաև համաձայնել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության «ալիքի» ստեղծման, ասվում է հոդվածում։ Վաշինգտոնի միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի գծով մասնագետ Հիթեր Քոնլին հայտնել է, որ հանդիպման երկարատևությունը ցույց է տալիս, որ առաջնորդները «լեզու են գտել», սակայն հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը լի է նմանատիպ օրինակներով։ Քոնլին նշել է, որ գագաթնաժողովին հնչել է երկու հակասական կարծիք ամերիկյան ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության մասին։ «ՌԴ ԱԳ նախարարի ասածը, թե Թրամփն ընդունել է վստահեցումը, որ Ռուսաստանը չի միջամտել մեր ընտրություններին, և ԱՄՆ պետքարտուղարի ասածը, որ «սա տարաձայնություն է, որը մենք կարող ենք հաղթահարել»,- ասել է Քոնլին՝ հավելելով, որ «հնարավոր է՝ տարբերությունը մեծ չէ»։
