«Հավերժ թշնամիներ չենք». Բաքվից Երևանում «խաղաղության համաձայնագիրը» չստորագրելու հիմք են նշում

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում երեկ մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հետո էլ ճաշին: Նրա այլ ձևաչափով հանդիպումների մասին տեղեկություն չհայտնեցին:

ԱՊՀ ավանդական, այս ոչ ֆորմալ գագաթնաժողովի հիմնական ինտրիգը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումն էր։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց շփում Ալիևի հետ, Հայաստանի վարչապետը չի բացառել։

Ալիևն ու Փաշինյանը 2021-ին չորս անգամ են շփվել։ Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 11-ին Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Երկրորդը, նորից Պուտինի նախաձեռնությամբ, նոյեմբերի 26-ին Սոչիում, նույն եռակողմ ձևաչափով: Նոյեմբերյան հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել մի շարք հարցերի, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ, և որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայանալիք փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստից հետո կհայտարարեն պայմանավորվածությունների դետալների մասին։

Եռակողմ նիստը կայացել էր, սակայն հայտարարություն չէր եղել։ Հետագա երկու շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացել էին եվրոպական հովանու ներքո․ նախ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր կազմակերպել նրանց հանդիպումը, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Բրյուսելից հետո Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են առաջխաղացման մասին, ավելին՝ ակտիվացել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացը, արդեն նշանակվել են բանագնացներ երկու կողմերից, հայտնի է նաև, որ նրանց առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, երբ՝ հայտնի չէ։

Մի քանի օր առաջ տված ասուլիսում Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հանդիպելո՞ւ է արդյոք Իլհամ Ալիևի հետ, ասել էր, որ պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց անպայման կլինի շփում Ադրբեջանի նախագահի հետ, որովհետև այնտեղ են լինելու ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, սակայն, նրա խոսքով, բանակցության պաշտոնական առաջարկ չի եղել:

Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն «Թուրան»-ին ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի ու ավելի են կենտրոնանում նոր խմբերի խնդիրների լուծման վրա։ «Եթե մեկ տարի առաջ խոսքը պատերազմի դադարեցման մասին էր, ապա հիմա հանդիպումից հանդիպում արդեն մոտենում է նոր խնդրի լուծմանը», - ասել է նա՝ նշելով, որ նման հանդիպումներից միայն օգուտ կա․ - «Երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների միջև նման հանդիպումներ որքան շատ անցկացվեն, այնքան արագ կկարգավորվեն հարաբերությունները երկու հարևան երկրների միջև։ Մենք հավերժ թշնամիներ չենք։ Պատերազմն արդեն ավարտվել է։ Ադրբեջանական կողմը վերականգնել է իր ամբողջականությունը, և հարաբերությունները պետք է միայն ուղղված լինեն դեպի բարիդրացիական հարաբերությունների կողմը»։

Միրզազադեի խոսքով՝ յուրաքանչյուր հանդիպմանը կարելի է ևս մեկ քայլ անել առաջ։ Երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության միջնորդություններից բացի, երկու երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները արդեն կարող են երկկողմ շփումների մեջ լինել։

Քաղաքական մեկնաբան Ազեր Գասըմլին, ըստ «Ազատության», ասել է, որ գագաթնաժողովում հնարավոր հանդիպումներից որևէ ակնկալիք չունի, քանի որ այնտեղ հանդիպումները կայանալու են ԱՊՀ-ին առնչվող հարցերի շուրջ, իսկ նրա կարծիքով ԱՊՀ-ին առնչվող լուրջ հարցեր չկան, դրանք ֆորմալ բնույթ են կրում․ նրանք պարբերաբար հանդիպում են, շփվում, և այդ ամենն արվում է ռուսական մոդերացիայի ներքո, Ռուսաստանը չի ցանկանում, որ այդ կապերը կորսվեն։

Գասըմլիի կարծիքով՝ Փաշինյանի ու Ալիևի երկկողմ հանդիպումներն ավելի կարևոր են։ Նրա ասելով՝ երկկողմ հանդիպումներից հիմնական ակնկալիքը խաղաղության համաձայնագրին հասնելն է։ «Բաքուն շահագրգռված է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա շրջանակում լուծում գտնի ղարաբաղյան խնդիրը։ Փաշինյանը նախկինում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991-ին, բայց դա Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում։ Այդ դիրքորոշումը Փաշինյանը դեռ պահպանում է», - նկատել է ադրբեջանցի քաղաքագետը։ «Չի կարելի սպասել, որ խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի։ Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», - նաև ասել է Ազեր Գասըմլին։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ևս շահագրգռված չէ, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ «Որովհետև դա կնշանակի, որ Հայաստանը լուծել է պրոբլեմը Ադրբեջանի հետ, եթե պրոբլեմը լուծված է, նշանակում է՝ այնտեղ խաղաղապահ ուժերն անհրաժեշտ չեն, Ադրբեջանն արդեն կարող է բարձրացնել այդ հարցը։ Բացի այդ, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, Ռուսաստանը ստիպված կլինի որևէ ձևով պաշտպանել Ղարաբաղի անջատական ռեժիմը՝ իր ներկայությունը պահպանելու համար։ Ներկայիս փուլում Ռուսաստանը չի ցանկանում դա անել», - «Թուրան»-ին ասել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբանը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4288 անգամ
Լրահոս
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ» Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ» Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ» Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am