«Լուսավոր Հայաստանի» պարոն Մարուքյանին ցույց տվեք. Շարմազանովը հեգնեց
Այսօր ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօրվա հեռուստաեթերի բովանդակությունը մնում է խնդրահարույց։ Նա առաջարկեց հեռուստաեթերում դաստիարակչական, հոգևոր նշանակության հաղորդումները ճիշտ ժամի ցուցադրել։ «Ես սերիալներին դեմ չեմ, ամբողջ աշխարհում դրանք կան, բայց կարելի է սցենար գրողներին կանչել ու ասել, որ մի քիչ բարություն սերմանեն։ Ինչքա՞ն կարելի է վատը ցույց տալ։ Ես չեմ ասում՝ ինձ ցույց տվեք, բայց երևույթը ցույց տվեք։ Ի վերջո, «Լուսավոր Հայաստանի» պարոն Մարուքյանին ցույց տվեք»,- ասաց Շարմազանովը։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ հեռուստաընկերությունների ծրագրերի բովանդակային քաղաքականությունը. «Վարկանիշային խնդիրները չեն կարող չազդել այս ոլորտի վրա, քանի որ դա առաջին հերթին՝ պետք է դիտարկել՝ որպես բիզնես ոլորտ։ Ինչ վերաբերում է սերիալներին, ապա այո, այդ խնդիրը կա մեր սերիալներում։ Հիմա էլ համաշխարհային տրենդ են դարձել հնդկական սերիալները։ Հուսով ենք՝ այդ ամենը կկարգավորվի շուկայի կողմից»։
