ԱԺ-ն հաստատեց 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
Ազգային ժողովը հաստատեց ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: ՀՀ 2016թ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 53, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ «Ելք» դաշինքը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, սակայն առաջարկեց, որպեսզի ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն հաշվետվությունը հաստատելու համար: «Մենք առաջարկում ենք, որ ընդդիմադիր ուժերը քվեարկությանը չմասնակցեն, որովհետև մեծամասնության պատգամավորների ձայներն այս պահին բավարար չեն»,- ասաց Փաշինյանը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, իր դիրքորոշումն արտահայտել է, և քվեարկությանը չմասնակցելու հիմքեր իրենք չեն տեսնում: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցեր պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
