Վրեժխնդրություն Նարեկ Սամսոնյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան (video)
Հանդիպեցինք Քննչական բաժնի ղեկավարի հետ, փորձեցինք հասկանալ, թե որն է եղել պարոն Սամսոնյանին բերման ենթարկելու հիմքը։ Պարզվեց, որ քննիչի կողմից բերման ենթարկելու մասին որոշում կայացված չի եղել։ Այս մասին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Այստեղ պետք է հասկանալ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցը և հիմնավոր ու ողջամիտ կասկածներ ունեմ պնդելու, որ տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում»,– ասաց պատգամավորը։
Ղազինյանը մանրամասնեց՝ նշանակված է եղել քննիչի հետ հանդիպում, պարոն Սամսոնյանը դուրս է եկել քննիչի հետ հանդիպման և իր նկատմամբ տեղի է ունեցել բռնության ակտ, որը իրավական առումով որևէ կերպ հիմնավորված չէ։
«Սամսոնյանի նկատմամբ կիրառվել է վրեժխնդրության ակտ՝ պետական ամենաթողության և իրավունքի կոպիտ չարաշահման եղանակով»,– ասաց Ղազինյանը։
