Թուրքիան գնդակոծում է քրդերի դիրքերը Սիրիայում
Anadolu գործակալությունը հայտնում է,որ թուրքական հրետանին շարունակում է հարվածներ հասցնել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ Սիրիայի հյուսիսում: Հարվածների թիրախներն են՝ Միննեհ օդանավակայանը, որն ավելի վաղ քրդերը հետ են նվաճել սիրիացի գրոհայիններից, և քրդերի դիրքերը Մարանաս և Թել-Ռիֆաթ բնակավայրերի միջև: Թուրքական հրետանին մեկ շաբաթ գնդակոծում է քուրդ ինքնապաշտպանական ուժերի մարտիկներին Միննեհ ավիաբազայում և մերձակա գյուղում: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դա անվանել է Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի սահմանին սպառնալու պատասխան միջոց և Սիրիայի քրդերից պահանջել է լքել Հալեպից հյուսիս ընկած դիրքերը, սակայն նրանց առաջնորդ Սալեհ Մուսլիմից մերժում է ստացել։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել դադարեցնել հարվածները քուրդ աշխարհազորայինների ուղղությամբ Սիրիայի հյուսիսում:
