Որն է եղել Բերդում 30-ամյա երիտասարդի սպանության պատճառը. նոր մանրամասներ
«Բացարձակ ոչ մեկ չգիտի, թե ինչից է ծագել վիճաբանությունը, և ինչու է բանը հասել սպանության: Ուղղակի գիտենք, որ երկուսն էլ Բերդում ծնված մեծացած անձինք են: Ուրիշ մանրամասներ չգիտենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Բերդում տեղի ունեցած սպանության դեպքին: Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Համայնքապետը հրաժարվեց որևէ այլ մանրամասն տեղեկություն տրամադրել կատարվածից՝ հորդորելով մանրամասները հետաքրքրվել գործով քննիչից: Վերջինս, մեզ հետ զրույցում ևս հրաժարվեց ասել, թե ինչպես է եղել դեպքը, ինչից է ծագել վիճաբանությունը՝ հղում անելով նախաքննական գաղտնիքը չհրապարակելուն: «Առաջին լրատվական»-ին, սակայն, հաջողվեց պարզել, որ մահացածը Բերդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Բադալյանն է: Նա ամուսնացած չէր, բավական հանգիստ և հանդարտ անձնավորություն է եղել: Սպանության հետ կապված մի քանի վարկածներ են շրջանառվում: Մեզ պատմեցին, որ ամենայն հավանականությամբ վիճաբանությունը եղել է «աղջկա թեմայով»: Լեզվակռիվ է սկսվել, որն արդեն վերաճել է վիճաբանության, քաշքշուկի և վերջում՝ դանակահարության: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
