ՌԴ տարածքում հայաստանցի վարորդների հարցը կլուծվի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին կլուծվի ՌԴ-ում այլ երկրների վարորդական վկայականներով գործունեություն ծավալելու ճանաչման սահմանափակումների հարցը: Ինչպես ասաց՝ հունիսի 1-ից Ռուսաստանի տարածքում աշխատանքի նպատակով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն միայն նրանք, ում վարորդական վկայականը տրված է ՌԴ-ի կողմից։ Այլ խոսքով՝ Հայաստանում ստացած վարորդական վկայականով չես կարող այնտեղ տաքսի կամ երթուղային տրանսպորտ վարել։ Բայց օրինակ կարող ես զբոսաշրջային այց կատարել ՌԴ-ի քաղաքներ։ «Դա այն սահմանափակումն է, որը չի կարգավորում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն բիզնես միջավայրը բարձրացնում է այդ խնդիրը, և մենք զբաղվում ենք դրանով: Այդ հարցը բարձրացվել է Ղրղզստանի և Հայաստանի կողմից: Այժմ մեր հարթակում քննարկում ենք այդ հարցը, չնայած այն քննարկվում է նաև երկկողմանի համաձայնություններով: Ռուսաստանն արդեն որոշ քայլեր է կատարել և հայտարարել է, որ այդ հարցն ինչ-որ չափով լուծվելու է»,- ասաց Մինասյանը:
