«ԵԱՏՄ տարածքում Հայաստանն ունի ամենաքիչ խոչընդոտները և ամենաբարենպաստ ներդրումային միջավայրը». ԵՏՀ նախարար
ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները և ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար։ Այս մասին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը: Նրա խոսքով` Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ունի ամենաբարենպաստ միջավայրը ներդրումների ներգրավման համար: «Մենք մյուս երկրներում հայկական բիզնեսի խոչընդոտների վերացման համար լուրջ աշխատանքներ ենք տանում: ԵԱՏՄ երկրներն, ընդունելով ազգային օրենսդրությունները, որոշ չափով դրանք չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք նմանատիպ խոչընդոտներ, ապա անմիջապես վերացնում ենք, քանի որ դրանք չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին»,- նշեց Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանը բանակցությունների ժամանակ ունի որոշ բացառություններ, սակայն պարտավորություն է ստանձնել մի քանի տարում վերացնել դրանք։
