Ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում ընդունվել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին.այն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի: Ադրբեջանական կողմի ջանքերով բանաձևի քննարկման վերջին փուլում առաջարկվել էր լրացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ անթույլատրելի ձևակերպումներով, որոնք միակողմանիորեն առանձնացնում էին տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքները՝ դուրս թողնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը: ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ տապալել այս նախաձեռնությունը և բանաձևի վերջնական տեքստում ամրագրել ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի չկիրառման սկզբունքը:
