«Սասնա ծռերի» գործով փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների մասով քրեական գործի արտագնա դատաքննությունը շարունակվում է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի ու Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանական պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Լուսինե Սահակյանը փորձել էր միջնորդություն ներկայացնել հեռացված ամբաստանյալներին դատարան բերելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց:Փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին` պահանջելով դատավորից ինքնաբացարկ հայտնել։ Լուսինե Սահակյանի պահանջին միացել էին նաև այն փաստաբանները, որոնց պաշտպանյալները ներկա չէին դատարանում։ «Ամբաստանյալը, որ կա, ու պաշտպանը նստած է, իրավիճակն այնպիսին է, որ նստած է մի մարդ, որը չգիտի՝ ով է ու, առհասարակ, ինչ ֆունկցիա ունի անելու», - ասել էր«Սասնա ծռերի» գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Փաստաբանները հայտարարել էին, որ ստիպված են լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ ապահովված չէ իրենց պաշտպանյալների ներկայությունը։
