Արթուր Ջավադյանը չի տեսնում պաշտոնյաների հարստանալը
Եկեք համեմատենք նախկին ԱՊՀ-ի հետ ու տեսնենք՝ ինչ վիճակում են գտնվում եկամուտները վերջին 8-9 տարում: Այսօր նման առաջարկ արեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պնդելով, որ Հայաստանի հետ համադրելի է միայն Վրաստանը: «Եկեք համեմատենք նախկին ԱՊՀ-ի հետ ու տեսնենք՝ ինչ վիճակում է գների կայունությունը գտնվում, ինչ վիճակում է գտնվում ֆինանսական կայունությունը ու ինչ է կատարվում մեր հարևան երկրների հետ: Հայաստանի հետ համադրելի է միայն Վրաստանը: Մնացած ոչ մի երկիր մեզ հետ համադրելի չէ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Կիրգիզիան, ո՛չ Ադրբեջանը, ոչ Մոլդովան, ո՛չ Ուկրաինան, ոչ մեկը մեզ հետ համադրելի չէ»։ Պնդմանը, թե Հայաստանում հարուստները հարստանում են, աղքատները՝ աղքատանում, Ջավադյանը նշեց, որ ինքը նման բան չի արձանագրել: «Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են Հայաստանի Հանրապետությունում»,- կարճ պատասխանեց նա:
