«Սասնա ծռերի» գործով դատավորը ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժեց
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին մեկնարկեց Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը: Պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրեց դատավոր Արտյուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Ընդմիջումից վերադառնալով՝ դատավորը փաստաբան Լուսինե Սահակյանի՝ դատավորի ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժեց։ Այնուհետեւ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը դատական նիստերի դահլիճից, հակառակ իր հորդորի, հեռացան, և այդ քայլը դատավորը դիտարկեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Նիստը հետաձգվեց մեկ ժամով:
