Դուք չեք կարողանալու երկիրը այս վիճակից հանել. Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը իր հարցն ուղղելով ֆինանսների նախարարին՝ ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ կարծես բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա բացասական վիճակի համար՝ բացի իշխանություններից: Ձեր հաղորդած հավելյալ իմպուլսի արդյունքում տնտեսությունն աճել է 0.2 տոկոսով: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն»,-ԱԺ-ն 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Նրա խոսքով՝ իշխանությունը չի փոխվել, մնացել է նույնը. «Կա ընդունած հին բյուջե, որի հետ, ասենք, համաձայն չեք, կամ եթե համաձայն եք, ինչի՞ եք դուք եկել, թող էդ հինը մնար: Դուք չեք կարողանալու երկիրն այս վիճակից հանել, ինչո՞ւ եք եկել»: Պատգամավորի խոսքով՝ սա ֆինանսների նախարարի հաշվետվությունը չէ, այլ կառավարության:
