Պուտինը սպառնացե՞լ է Ալիևին. Նոր փաստաթղթեր՝ հաղորդակցության ուղիների բացման մասին

Առաջիկա օրերին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհայտարարեն, թե ինչի շուրջ են պայմանավորվել երեք երկրների ղեկավարները անցած շաբաթ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։ Սա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 26,-ին Սոչիում հանդիպման արդյունքը:

Ըստ «Ազատության», հնարավոր է, որ եռակողմ աշխատանքային խմբի հերթական այդ նիստի արդյունքներով ստորագրվեն փաստաթղթեր տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Թե ինչ բովանդակություն կարող են դրանք ունենալ, արդյո՞ք հնարավոր պայմանավորվածությունները կնախանշեն, թե որտեղով են անցնելու ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, և կամ ովքե՞ր ու ինչպե՞ս են դրանք վերահսկելու, այս պահին դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել երեք կետերի շուրջ։ Առաջինը, պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հստակ չէ, թե որոնք են դրանք։ Բացի այդ, ըստ Պուտինի, հաջողվել է առաջ շարժվել նաև հումանիտար հարցերի շուրջ։ Թե կոնկրետ, որոնց և ինչպես՝ Պուտինը կրկին չի հստակեցրել։ Եվ երրորդ հարցը, որի շուրջ,Պուտինի խոսքով, հաջողվել է պայմանավորվել, ճանապարհների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել էր ապահովել տրանսպորտային հաղորդակցություն Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Միաժամանակ, փաստաթուղթը արձանագրում է, որ այդ հաղորդակցությունը վերահսկելու են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։

Նկատենք, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Պուտինը նախ հանդիպել էր Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի հետ, իսկ եռակողմ բանակցություններից հետո դրանց արդյունքները ներկայացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում։

Սրանից կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին ևս հնարավոր է նոր փաստաթղթերի ստորագրում:

Սոչիի եռակողմ հանդիպումը ռուսաստանյան լրատվամիջոցների գլխավոր նորությունների շարքում է: Հանդիպումը անցած օրերին ռուսական հեռուստածրագրերի և մամուլի գլխավոր նորություններից էր։ Հիմնական շեշտադրումը հետևյալն էր. Ռուսաստանի նախագահին հերթական անգամ հաջողվեց «հաշտեցնել» միմյանց հետ «պայմանավորվելուն ընդդիմացող» Ալիևին և Փաշինյանին։

«Կոմերսանտը», մասնավորապես, գրել է, որ եռակողմ հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Հոդվածագիրը նկատում է. - «Առաջին հայացքից, դա մի մարդու խոսքեր չէին, ով եկել էր ինչ-որ բան պայմանավորվելու։ Լավ է, որ մյուս երկու բանակցողներն արդեն տեսել էին երրորդի նման պահվածքը և գիտեին, որ կես ժամ անց նա կարող է անճանաչելիորեն փոխվել»։ «Կոմերսանտի» թղթակիցը հեգնում է նաև Ադրբեջանի նախագահին՝ մեջբերելով Ալիևի հայտարարությունը, թե ռազմական գործողություններից հետո Բաքուն հարյուրից ավելի ձերբակալված հայ զինծառայողների է հանձնել հայկական կողմին, այդ թվում՝ մեկին այդ օրը առավոտյան։ «Այդպես ի նշան բարի մտադրությունների, բանկ թալանողները պատանդներից մեկին են բաց թողնում ՝ շարունակելով իրենց մոտ պահել վաթսուն հոգու», - գրել է Անդրեյ Կոլեսնիկովը։

Ռուսական մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ РБК-ն եռակողմ հանդիպման օրը ծավալուն հոդված էր հրապարակել «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ․ ինչո՞ւ է այն սկսվել և ինչո՞վ է ավարտվել» վերնագրով։ Հեղինակը գրում է, թե պատերազմից հետո չլուծված գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե ինչու ադրբեջանական բանակը կանգ առավ և չգրավեց Լեռնային Ղարաբաղի ողջ հայկական մասը և մայրաքաղաք Ստեփանակերտը։ РБК-ի՝ բանակցությունների բովանդակությանը ծանոթ երկու անանուն աղբյուրներ պնդում են, թե դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Մոսկվան խստացրել է Բաքվի հետ հռետորաբանությունը. - «Պատերազմի վերջին օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կոշտ» զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, թե Պուտինը սպառնացել է Ալիևին։ Միևնույն ժամանակ, РБК-ն հիշեցնում է, որ հրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ լիովին չբացահայտված հանգամանքներում ադրբեջանցիները ուղղաթիռ էին խոցել Նախիջևանի հետ սահմանին, ինչից հետո Ալիևը ներողություն էր խնդրել և խոստացել էր պատժել մեղավորներին։ Սակայն հետաքննության արդյունքները այդպես էլ չեն հրապարակվել։ Ընդ որում, անդրադառնալով դրանից հետո տեղակայված խաղաղապահներին՝ РБК-ն, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ նրանց մանդատը մինչև օր հստակեցված չէ։ Բաքուն պնդում է, որ պատրաստ է քննարկել առաքելության մանրամասները միայն Մոսկվայի հետ՝ առանց Հայաստանի մասնակցության, և սեփական տարածքային ամբողջականության համատեքստում։

Ռուսական պարբերականը որոշ մանրամասներ է հայտնում պատերազմին նախորդած իրավիճակի վերաբերյալ։ «Այն, որ ամեն բան գնում է դեպի պատերազմ, հայտնի դարձավ հուլիսին տավուշյան մարտերից հետո», - ասել է հայաստանցի մի դիվանագետ, ով մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստերին։ - «Այդ միջադեպը պատահականության արդյունք էր, բայց դրանից հետո պատերազմը դարձավ Ալիևի համար կենսական հարց՝ սեփական իշխանությունը պահելու համար»։ Սակայն մինչ այդ, ըստ РБК-ի զրուցակիցների, կողմերի միջև բավականին ակտիվ բանակցություններ են ընթացել, որոնց արդյունքներով Երևանն ու Բաքուն պետք է մայիսից անցնեին առարկայական բանակցությունների և քննարկեինք միմյանց առաջարկները։ Երևանը, օրինակ, առաջարկել է հրաժարվել «անվտանգության գոտու» բաժանումը յոթ շրջանների՝ փոխարենը առաջարկելով «գծել ԼՂՀ-ի նոր սահմանները՝ ըստ կոորդինատների», որպեսզի հայերի համար «հարմար լինի այն պաշտպանել էսկալացիայի դեպքում»։

«Անվտանգություն կարգավիճակի դիմաց». այսպես է հայ դիվանագետը բնութագրել այդ առաջարկը, որի շուրջ քննարկումներն ընդհատվել են համավարակի պատճառով։ Հոդվածի հեղինակը նաև մանրամասներ է հայտնում հոկտեմբերի 19-20-ի բանակցություններից, երբ Պուտինին, ինչպես ինքն է ձևակերպել՝ «հաջողվել էր հրադադարի իրական հնարավորություն ստեղծել», սակայն հայկական կողմը անսպասելիորեն հրաժարվել էր։ Պուտինի այս թեզը կրկնում է նաև РБК-ն՝ հավելելով, որ այդ առաջարկով, ի տարբերություն նոյեմբերի 9-ի հայտարարության, անվտանգության գոտիներից երկուսը՝ Քելբաջարը և Լաչինը, գումարած Շուշին մնում էին հայկական վերահսկողության տակ։ «Այդ դեպքում ապահով կլիներ նաև Սյունիքը», - ըստ «Ազատության», РБК-ին ասել է բանակցությունների ծանոթ ռուս դիվանագետներից մեկը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5897 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am