Հանդուրժող գտնվել սիրիացի ներագաղթյալների հանդեպ.Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով վերջին շրջանում Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների դեմ ինտենսիվացած հարձակումները, կոչ է արել ժողովրդին դրսևորել հանդուրժողականություն: Փոխվարչապետ Քայնաքը նշել է, որ վերջին շրջանում սիրիացիների դեմ թշնամական տրամադրությունները կտրուկ աճել են հասարակության մեջ, ինչը մտահոգիչ է: «Մենք հասկանում ենք մեր հասարակության մտահոգությունները: Ոչ ոք իրավունք չունի հանցանքներ գործել, մեր մշակույթին ու օրենսդրությանը հակասող քայլեր անել այստեղ: Սակայն կոչս սա է. չմոռանանք, որ նրանք ժամանակավոր են այստեղ և Թուրքիան նրանց հյուրընկալել է մեծ անձնազոհության հաշվին»: Քայնաքը ընդգծել է, որ մի շարք քաղաքներում սիրիացի ներգաղթյալները կարևոր աշխատուժ են ներկայացնում իրենցից, ըստ փոխվարչապետի՝ թուրքական բազմաթիվ գործարանների աշխատանքը կանգ կառնի, եթե Ադանայի, Այնթապի կամ նույնիսկ Անկարայի գործարաններում աշխատող հազարավոր սիրիացիներ հեռանան այդտեղից:
