Այսօր ՀՀ Մայր օրենքի՝ Սահմանադրության օրն է
Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանշանների օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի, որը ժողովուրդը հավանության արժանացրեց: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը: Առաջին հանրաքվեից 10 տարի անց՝ 2005 թ-ին կատարվեցին առաջին լրացումներն ու փոփոխությունները: Իսկ արդեն 2015 թ-ի դեկտեմբերի 6-ին կրկին սահմանադրական հանրաքվե անցկացվեց, որով Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգ հաստատվեց: Այն լիովին ուժի մեջ կմտնի 2018-ին, երբ կդադարեն ներկայիս նախագահի լիազորությունները: Բայց մինչ այդ՝ 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն արդեն կայացան ըստ նոր սահմանադրության պահանջներին համապատասխանեցված ընտրական օրենսգրքի։ Նշենք նաեւ, որ հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է: Ի դեպ, այսօր նախատեսված են տոնական մի շարք միջոցառումներ:
