Որքա՞ն է կազմում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի դրությամբ իր ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարագիրը: ԲՀԿ նախագահի կարողությունը քանի որ շատ մեծ է այն ներկայացնում ենք գլխագրերով: Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը 5 հատ առանձնատուն, 1 հատ ամառանոց և 7 հատ հողամաս: Բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա շարժական գույքը` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գագիկ Ծառուկյանը, ընդհանուր առմամբ, ունի 12 հատ ավտոմեքենա: Դրանք են՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-royce Phantom, Range Rover Sport 4.4, Toyota Land Cruiser, Toyota Land Cruiser 200, Toyota Tundra, Mercedes-Benz AMG, Bentley Bentayga: Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գագիկ Ծառուկյանը 42 ընկերությունում բաժնետոմսեր և բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաև ռուսական, բելառուսական ռուբլով, բուլղարական լևով, ԱՄՆ դոլարով և դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 48 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է: 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք Հայտարարագրի այս հատվածն «ամենաէկզոտիկն» է: Այստեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող թանկարժեք իրերն են գրանցված: Նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող ննջարանի կահույքի ութ հավաքածու, ճաշասենյակի կահույքի երկու հավաքածու, կահույքի մեկ այլ հավաքածու, 1 վարագույր, ձեռքի 3 ժամացույց և 3 հատ մատանի: «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը 2017 թվականի մայիսի 24-ի դրությամբ, երբ ներկայացրել է հայտարարագիրը, ունեցել է 470 միլիոն դրամ, 9.7 միլիոն դոլար եւ 7.2 միլիոն եվրո: Նրա եկամուտը գոյացել է հետեւյալ կերպ՝ 2 միլիոն դրամ ստացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, 649 միլիոն դրամ շահաբաժիններից, 370 միլիոն դրամ տված փոխառությունների դիմաց ստացած վճարումներից, 5 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացած վճարումից, 2.6 միլիոն դրամ այլ աղբյուրից: Ընդհանուր առմամբ՝ նա ստացել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ եկամուտ չհաշված այն հանգամանքին, որ 20 միլիոն եվրո փոխառություն է ստացել, որը հայտարարագրում նշված է որպես վարկային միջոց»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
