Ոստիկանությունն էդքան աղքատ ա՞. «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի աշխատակիցներ
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակից պահանջում են իրենց 8 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտավորապես 33 մլն դրամ: «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն կարի ֆաբրիկա է, որը կարել է սպորտային հագուստներ: Այնուհետև՝ 1995 թվականից, ընկերությունը պատկանել է Ներքին գործերի նախարարությանը, և այնտեղ կարվել են Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության աշխատակիցների համազգեստներ: Կարի ֆաբրիկան սկսել է սնանկանալ այն բանից հետո, երբ Ոստիկանությունն ընկերության տնօրեն է նշանակել Սամվել Բեկչյանին, ով, աշխատակիցների պնդմամբ, նախկինում եղել է ԿԳԲ-ի աշխատակից: Շուրջ մեկ տարի պաշտոնավարելուց հետո` 2012 թվականին, ընկերությունը սնանկացել է և փակվել: Աշխատակիցները 3 տարի առաջ դիմել են դատարան, որից հետո դատավորը կայացրել է վճիռ, համաձայն որի՝ աշխատակիցներն իրենց գումարը կստանան այն բանից հետո, երբ գույքը կվաճառվի, և պետական վարկերը կմուծվեն, որը կազմում է 53 մլն: Աշխատակիցների պնդմամբ՝ վաճառման ենթական գույք չկա. կտորներ կան, որոնք ցեցը տարած է, ջարդած սեղաններ, շատ հին կարի մեքենաներ: «Ինչի՞ պիտի ես ընկնեմ քուչաները, որ աշխատավարձս ստանամ, ես ողորմություն չեմ ուզում, ես իմ աշխատավարձն եմ ուզում: Բարերար չկա՞, որ Ոստիկանությանը հովանավորի՝ մեր աշխատավարձերը տան: Ոստիկանությունն էդքան աղքատ ա՞», – ասաց նրանցից Սանամ Ավագյանը: Մեկ այլ աշխատակցի՝ Գոհար Թամամյանի խոսքով՝ աշխատանքի էլ չեն կարողանում ընդունվել. «Թոշակներն էլ Հրանուշ Հակոբյանը դարձրեց 63 տարեկանից, իրեն պետք էր, որ երկար կառչեր իր աթոռից, դե, խեղճ ժողովուրդ, գնա ու մեռի»:
