«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ստացել է ավելի քան 44,7 մլն դրամ
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հունիսի 30-ի դրությամբ 1000plus.am կայքի միջոցով հավաքագրել է 8 մլն. 544 հազ. 787 դրամ, բանկային փոխանցումների միջոցով՝ 36 մլն. 189 հազ. 301 դրամ և կարճ հաղորդագրության միջոցով՝ 252 հազ. դրամ: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի սկզբում Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը շնորհավորեց հոգաբարձուների խորհրդի նոր անդամի՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասնակցությունը Հիմնադրամի աշխատանքներին: «Շատ կարևորում եմ մեր այս աշխատաոճը ինչպես լրացուցիչ միջոցներ ներգրավելու, այնպես էլ հիմնադրամի նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու առումով»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունվեց նիստի օրակարգը: Այնուհետև քննարկվեց Հիմնադրամի ներքին աուդիտ իրականացնող մարմնի նշանակման հարցը: Այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկեց ԿԲ ներքին աուդիտի գործառնական բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանի թեկնածությունը: «Արտակ Բաղդասարյանը ԿԲ ներքին աուդիտի գործառնական բաժնի վերստուգիչ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, նաև ավարտել է Ֆլետչերի իրավագիտության դպրոցը: Առաջարկում եմ, որ Բաղդասարյանն իրականացնի Հիմնադրամի ներքին աուդիտի գործառնությունները»,- ասաց Ավետիքյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առանց դեմ և ձեռնպահ ձայների հաստատեց Արտակ Բաղդասարյանի աշխատանքը Հիմնադրամում, որից հետո հաստատվեց նաև Հիմնադրամի ներքին աուդիտի կանոնադրությունը:
