Սասնա ծռեր-2-ի գործով նիստը ընդմիջվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» 18 անդամների գործով առաջին նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ ներկայացրեց նիստի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ապա նշեց, որ դատական նիստերը կնշանակվեն ամեն շաբաթվա հինգշաբթի օրը։ Պաշտպան Հրանտ Գեւորգյանը միջնորդեց «Սասնա ծռերի» երկու գործերը միացնել եւ քննել միասին: «Դատարանը նպատակահարմար չի գտնում, ծավալուն գործեր են»,- հակադարձեց դատավորը: Պաշտպաններից Հրանտ Գևորգյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչու դատավորը չի միացնում 2 գործերը, և 32 ամբաստանյալների մասով միեւնույն ժամանակ լսում գործը։ Դատավորը պարզաբանեց, որ գործը շատ ծավալուն է, և ֆիզիկապես հնարավոր չէ նիստ անցկացնել։ Երբ դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ինքնաբացարկի միջնորդություններ կան թե ոչ, պաշտպան Գրիշա Բաղդասարյանը նշեց, որ գործն սկսվում է անվստահության մթնոլորտում, բայց ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացնի։ Այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել, որպեսզի դահլիճից դուրս գտնվող պաշտպանները մտնեն նիստերի դահլիճ։
