Նիկոլայ ցարը ընտանիքի մինուճար տղային բանակ չի տարել.factor.am (տեսանյութ)
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ 34-ամյա Սպարտակ Ղուկասյանը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 18 տարեկանում ամուսնանալու և երեխաներ ունենալու պատճառով: Այս մասին Factor.am-ին հայտնեց Վարդան Ղուկասյանը: «Ինքը սպորտսմեն է եղել, այդ ժամանակահատվածում ոտքերի լուրջ կոտրվածք է ստացել, բժշկական հետազոտություններից հետո երկու տարի հետաձգվել է ծառայությունը, իսկ էդ ընթացքում, այսինքն՝ 18 տարեկանում ամուսնացել է, ապա երեխաներ ունեցել»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Ղուկասյանը: Նշենք, որ համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ստանում է 18 տարին լրացած այն զորակոչիկը, որն ունի 2 և ավելի երեխա, կամ նրա կինը 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղի է: Տարկետման իրավունքը տրվում է մինչև զորակոչիկի 27 տարեկան դառնալը, որից հետո նա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում: Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, Ղուկասյանն ասաց՝ «շատ վատ»: «Բայց ընդհանրապես ես մի բան գիտեմ, Նիկոլայ ցարը ընտանիքի մինուճար տղային բանակ չի տարել: Ես կողմնակից եմ, որ եթե ընտանիքում մինուճար զավակ է լինում, ապա նա թող վեց ամիս ավել ծառայի, բայց ոչ առաջնագծում, որ էդ ընտանիքի ծուխը չխամրի»,- շարունակեց Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում է նմանատիպ օրենսդրական փոփոխություն իրականացնելու առաջարկ անել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում
