Նույնիսկ իմ կինն ինձ համար այս որակի գուլպաներ չի գնում. Մովսես Հակոբյան
Այսօր մեկնարկել է 2017թ.-ի ամառային զորակոչը: Նորակոչիկներն այցելել են հավաքակայան, որտեղ վիճակահանության միջոցով կանխորոշվում է իրենց ծառայության վայրը, տրամադրվում է զինվորական հագուստ:
Զորակոչի ընթացքին այսօր հետևելու էր եկել նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Նպատակն այն է, որպեսզի լինի բացարձակ արդար, բոլորի համար տեսանելի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկածամտություն չառաջանա, որ իր հանդեպ վերաբերմունքը եղել է առանձնահատուկ։ Որոշակի փոփոխություն է կատարվել համազգեստի մեջ՝ կոշիկների, դրանց որակը մի քիչ բարձրացվել է, հիմա դրանք ամբողջապես կաշվից են, ինչպես նաև ունեն ներբաններ», - ասաց Մովսես Հակոբյանը։
Լրագրողների ներկայությամբ գլխավոր շտաբի պետը նորակոչիկներից հետաքրքվեց՝ արդյոք գոհ են այսօր ստացած սննդի որակից, ինչպես նաև ինչպես են գնահատում այսօր ստացած կոշիկների որակը։
«Այս որակի գուլպաներ նույնիսկ դուք ձեր հայրերին ու ամուսիններին չեք գնում, նույնիսկ իմ կինն ինձ համար այս որակի գուլպաներ չի գնում», - կատակեց Մովսես Հակոբյանը։
