Դեղ ապագայից. Փաթեթավորող ընկերության պարզաբանումը
Facebook-ում օգտատերերից մեկը նկար է հրապարակել, որտեղ պատկերված է «Ալբուցիդ» դեղամիջոցը՝ 02 սեպտեմբեր 2017 թվականի փաթեթավորմամբ։ Փաթեթավորողը «Լեյկոալեքս» ՍՊԸ-ն է։
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են ապագայի ժամկետով դեղ փաթեթավորել, «Լեյկոալեքս» ՍՊԸ տնօրեն Գագիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ դա հերթական հերյուրանքն է չար մարդկանց կողմից՝ իրենց կազմակերպությանը հեղինակազրկելու համար։
«Սա հերթական չարությունն է չար մարդկանց կողմից, որոնց խանգարում է մեր չնչին, փոքր առևտուրը։ Մարդիկ անելու բան չունեն, չեն կարողանում չարչարվել, իրենց քրտինքով փող վաստակել կամ գուցե իրենց ուղեղներին երբևէ հասու չի այն միտքը, որ հնարավոր է 5 տոկոսով արտադրություն պահել», - ասաց ընկերության տնօրեն Գագիկ Ալեքսանյանը։
Նա նշեց, թե այլ ընկերությունները մտածում են 50, 100 կամ 500 տոկոսի վրա իրենց արտադրությունը պահել։
«Մենք էլ մեր ցածր գներով, երևի թե, իրենց խանգարում ենք, փորձում են հեղինակազրկել», - ասաց «Լեյկոալեքսի» տնօրենը։
Գ. Ալեքսանյանն ասաց, որ եթե այդ սխալ մակնշումը բացթողում լիներ իրենց ՍՊԸ-ի կողմից, ապա վերավաճառող կազմակերպությունները համակարգիչ մուտք անելիս պետք է դա նկատած լինեին։
