Գրավի դիմաց ազատ է արձակվել «Մանախը»
Վերաքննիչ քրեական դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երեւան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են քարոզարշավի դրոշները: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որ կատարվել է բռնություն գործադրելու սպառնալիքով, և ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը, կրելը:
