Նոր մեղադրող է ի հայտ եկել
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռուսաստանին մեղադրել է նոր սառը պատերազմ հրահրելու մեջ: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Մյունխենում կայացած անվտանգության հարցերի համաժողովում Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը: «Եթե հետեւենք սառը պատերազմի մասին պարոն Մեդվեդեւի խոսքերին, այնուհետեւ՝ Ռուսաստանի գործողություներին, ապա հասկանալի կդառնա, թե ով է սառը պատերազմի ձգտում»,- ասել է Դուդան՝ պարզաբանելով. «Եթե ինչ-որ մեկն ագրեսիվ ռազմական ակտիվություն է վարում Ուկրաինայում եւ Սիրիայում, եթե ինչ-որ մեկը մեծացնում է ռազմական ներկայությունը հարեւան երկրների մոտ, ապա մենք միանշանակ պատասխան ունենք այն մասին, թե ով է նոր սառը պատերազմ սկսում: Ակնհայտորեն դա ո՛չ Լեհաստանն է, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն»,- Դուդայի խոսքերն է մեջբերում ՌԲԿ-ն: Մյունխենում կայացած անվտանգության հարցերի համաժողովում փետրվարի 13-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի վարած գիծը «շարունակում է մնալ ոչ բարեկամական եւ փակ» եւ հավելել. «Կարելի է նաեւ ավելի կտրուկ ասել. մենք դեպի նոր սառը պատերազմ ենք գնում»:
