Բաքվին կասկածում են արգելված մթերք Ռուսաստան արտահանելու մեջ
«Ռոսսելխոզնոդզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Ադրբեջանին կասկածում են թուրքական մթերքը Ռուսաստան վերաարտահանելու մեջ, չնայած Ռուսաստանի կողմից դրանց ներկրումն արգելված է: Այս մասին գրել է ադրբեջանական «Թուրան» կայքը: Նրա խոսքով, Իրանի ու Ադրբեջանի կողմից ներկրումների վերաբերյալ ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ հունվարի ընթացքում Ադրբեջանը դեպի Ռուսաստան արտահանել է հինգ անգամ ավելի շատ տոմատի մածուկ: «Ռոսսելխոզնոդզոր»-ի ղեկավարի խոսքով, անհասկանալի է, թե ինչպես է Ադրբեջանը կարողացել նման կտրուկ աճ ապահովել: Ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ մթերքն ադրբեջանական ծագում ունի: Ռուսական կողմին հայտարարությունը չի բավարարել, Բաքու նամակ են ուղարկել: Դանկվերտը չի բացառել, որ ռուս տեսուչներ կգործուղվեն Ադրբեջան՝ ստուգելու, թե որտեղ են արտադրվում Ռուսաստան արտահանվող տոմատի մածուկները, ինչպես նաև դադարեցնելու հնարավոր անօրինական արտահանումը:
