Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները կրկին ոտքի չկանգնեցին
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և Ժիրայր Սեֆլյանը, Գևորգ Սաֆարյանը ու Ներսես Պողոսյանը վերադարձվեցին դատական նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանը եւ Ժիրայր Սեֆիլանը հեռացվել էին դատական նիստերի դահլիճից 6 ժամով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Տասը րոպե ընդմիջումից հետո ամբաստանյալները մտան դահլիճ: Այդուհանդերձ, դատավորի՝ դահլիճ մուտք գործելիս, «Ոտքի դատարանն է գալիս» զգուշացման ժամանակ նրանք դարձյալ ոտքի չկանգնեցին: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ամբաստանյալները դարձյալ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի նկատմամբ: Քանի որ Հրայր Թոփչյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ ունեին նախազգուշացում որպես դատական սանկցիա, նրանց նկատմամբ սանկցիա կիրառվեց, ու Թոփչյանն ու Սաֆարյանը դատարանից հեռացվեցին 10 ժամ ժամանակով: Իսկ Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես դատական սանկցիա կիրառվեց նախազգուշացում: Նիստը ընդմիջվեց:
