Դրա տակից ոնց ենք դուրս գալու. Ալիկ Սարգսյանը համատիրությունների վիճակը լավ գիտի
ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց ՀՀ-ում վթարային շենքերի և վերելակների վերաբերյալ: «Դա միայն իմ մտահոգությունը չի, Աստված մի արասցե` նորից մի բան լինի, ես չգիտեմ` դրա տակից ոնց ենք դուրս գալու»,-ասաց նախկին ոստիկանապետը` հիշեցնելով 88-ի երկրաշարժը: Դավիթ Տոնոյանը նշեց, որ դա մի քանի գերատեսչությունների պատասխանատվության դաշտում է, և նախատեսում են օրենսդրական փոփոխություններով շինարարական ստանդարտները փոխել, ճշգրիտ իրականացնել ռիսկի գնահատումը և տեխնիկան անվտանգություն ապահովող ստորաբաժանումների կարողությունների բարձրացում: «Վերելակների հարցում քաջություն կլինի արտահայտվելը, բայց, մասնավորապես, սեփականաշնորհված շինություններում պետք է լինի համատիրությունների մասնակցության խնդիր»,-ասաց նա: Ալիկ Սարգսյանն արձագանքեց, թե համատիրությունների վիճակը նախարարը լավ գիտի և առաջիկա 10 տարում դժվար թե հնարավորություն ունենան այդ խնդիրը լուծել:
