ՀՀ և Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել
Lenta.ru-ն տեղեկացնում է,որ Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել: Գիտնականները վերլուծել են 52 կմախքի միթոխոնդրալ գեները, որոնցից ամենահները 7800 տարեկան են, ու համեմատել են դրանք 206 հայաստանցիների և ԼՂՀ բնակիչների գենի հետ: «Սա բավականին հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխությունների է ենթարկվել: Սակայն դրանք, կարծես, կապված չեն գենետիկ փոխակերպման հետ, համենայնդեպս՝ կանանց դեպքում», – գրում են հոդվածի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենֆերթը Cell Press ամսագրում:
